Աստղային թռիչք


Հույները հպարտանալու առիթ ունեն իրենց դիցաբանությամբ, առասպելներով ու մշակույթով։ Եթե մի փոքր ծանոթ ես հելլենիզմին, երևի կհամաձայնվես ինձ հետ։ Ահա հելլենական առասպելներից մեկը, որ կուզեի պատմել քեզ։

Առասպելը պատմում է, որ Եթովպիայի արքա Կեփևսի կինը` Կասիոպեան չափազանց գեղեցիկ ու պարծենկոտ կին է եղել։ Ծովերի աստված Պոսեյդոնը որոշում է պատճել Կասեոպիային` մեծամտության համար։ Նա Եթովպիայի ափերն է ուղարկում ծովային հրեշ Կետին, որը ավերում է երկրի գեղեցիկ այգիներն ու շինությունները, իր հետ ջրի տակ տանում գեղեցիկ եթովպուհիներին։ Արքան վշտացած ու հուսահատ գնում է ծովի ափը, և քամին նրա աղերսը տանում, հասցնում է Պոսեյդոնին։ Ավերածությունները դադարեցնելու դիմաց Պոսեյդոնը պահանջում է արքայադուստր Անդրոմեդային։ Թագուհին ու թագավորը հանձնում են իրենց դստերը ծովային հրեշին։ Գեղեցկուհի Անդրոմեդային բանտարկում են ծովափնյա մի ժայռի վրա։ Դժբախտ թագուհին` Կասիոպեան, չի դիմանում դստերը կորցնելու վշտին և իրեն ծովն է նետում։

Մի անգամ ժայռի մոտով անցնելիս է լինում խիզախ մի երիտասարդ` Պերսևսը։ Նա հեռավոր ճամփորդությունից էր վերադառնում, որի ընթացքում հաջողվել էի սպանել սարսափելի Գորգոն Մեդուզային։ Գորգոնները կնոջ կերպարանքով մեդուզաներ էին, որոնց գլխին մազերի փոխարեն օձեր են գալարվում։ Ով հանդգնել նայել նրանց աչքերի մեջ, իսկույն քար կդառնար։ Իր վահանը որպես հայելի օգտագործելով` Պերսևսը կտրում է Գորգոն Մեդուզայի գլուխը։

Եվ ահա գլուխը ձեռքին թռչում է նա իր Պեգասով` շտապելով ցույց տալ մարդկանց իր հերոսությունը։


  Նկարը` pinterest.com

 Իհարկե Պերսևսը չէր կարող անտարբեր անցնել բանտարկված արքայադստեր գեղեցկության կողքով։ Բայց Անդրոմեդային ազատելու համար նախ պետք էր ազատվել հսկա Կետից, որ անդադար հսկում էր դժբախտ բանտարկյալին։ Շուտով Պերսևսը գտավ լուծումը։ Նա Գորգոն Մեդուզայի գլուխը, որի կախարդական ուժը դեռ չէր անցել, ցույց տվեց Կետին։ Կետը հսկայական քարե կտորի վերածվեց։ Այսպես քաջ Պերսևսը ազատեց Եթովպիան։ Շատ շուտով նա ու Անդրոմեդան ամուսնացան։
Հիմա կմտածենք ինչո՞ւ այսպես երկար ու ձիգ պատմեցի այս առասպելը, և ընդհանրապես, ի՞նչ կապ ուներ այն տիեզերքի հետ։ Հիմա բացատրեմ։

Եթե փոքր-ինչ ուշադիր նայես գիշերային երկնքին, աստղային թատերաբեմում կարող ես տեսնել այս պատմության բոլոր հերոսներին։ Կասիոպեա համաստեղությունը, ինչպես լեգենդում, այստեղ էլ իր գեղեցկության ու պայծառության շնորհիվ առաջինն է ուշադրությունն իր վրա վերցնում։ Այն նման է լատինական W տառին։

Կասիոպեայի ներքևում, կարծես ժայռում բանտարկված, տարածվում է Անդրոմեդայի աստղաշղթան։ Իսկ հավատարիմ Պեգասը իր մեջքն է մոտեցրել նրան` աստղային քառակուսի կազմելով։ Պերսևսի ձեռքին կարելի է նկատել Գոգոն Մեդուզայի գլուխը։ Հետաքրքիր է, որ այս համաստեղության աստղերից մեկը` կարմիր Ալգոլը, բաբախող աստղ է և պարբերաբար փոխելով իր պայծառությունը` կարծես հիշեցնում է Մեդուզայի մահացու հայացքի մասին։ Միայն Կետ համաստեղությունն է, որ բևեռային լինելու պատճառով միայն ձմռանն է երկինք բարձրանում։ Իսկ մյուսները տեսանելի են ողջ տարվա ընթացքում։


Հեղինակ` Նարե Չալյան

Комментарии