Կարիճը սպանեց Օրիոնին





Երբևէ փորձե՞լ ես գիշերը, թեկուզ քնելուց առաջ նայել խաղաղ ու պարզ երկնքին. ինձ ու քեզ համար որքան գաղտնիքներ ունի պահած գիշերային աստղազարդ երկինքը։ Իսկ նկատե՞լ ես աստղերի բյուր խմբերը։ Կարո՞ղ ես պատկերացնել, որ այդ խմբերից ու համաստեղություններից յուրաքանչյուրը մի գեղեցիկ ու հետաքրքիր առասպելի կրողն է։ Ահա դրանցից մեկի` Կարիճի համաստեղության մասին։

Նկարը`   i.pinimg.com

Խիզախ որսորդ Օրիոնը ընկերացավ որսորդության աստվածուհի Արտեմիսի հետ։ Նա կախարդեց Օրիոնի նետերը, և դրանք սկսեցին անվրեպ սլանալ։ Քանի գնում, այնքան ավելի քիչ կենդանու էր հաջողվում ազատվել նրա նետերից։Օրիոնը կենդանիներին չէր որսում ուտելու համար։ Որսը նրա համար պարզապես խաղ էր, հետաքրքիր զբաղմունք։ Սակայն այս ամենը դուր չէր գալիս Ձևսի կնոջը` Հերային, և նա որոշեց վերջ տալ նման անկարգությանը։ Հերան մի Կարիճ ուղարկեց Օրիոնի մոտ, որը խայթեց վերջինիս։ Կարիճի թույնը սպանեց Օրիոնին։ Արտեմիսը շատ տխրեց։ Նա կորցրեց իր սիրելիին։ Հիմա ո՞ւմ հետ էր որսի գնալու, մրցելու դիպուկ կրակելու մեջ։ Բայց չէ՞ որ հենց ինքն էր կախարդել խիզախ որսորդի նետերը։ Եվ Արտեմիսը իր վիշտը փոքր-ինչ մեղմելու համար Օրիոնին համաստեղություն դարձրեց։ Օրիոնը դարձավ երկնակամարի ամենապայծառ համաստեղություններից մեկը։ Հերան էլ չհապաղեց և համաստեղության վերածեց Կարիճին, որ մարդիկ միշտ տեսնեն ու հիշեն հնարավոր պատժի մասին։

Կարիճ համաստեղության աստղերից մեկը` Անտարեսը, մարդկությանը հայտնի ամենապայծառ աստղերից մեկն է և առանձնանում է նաև իր յուրահատուկ կարմիր գույնով։ Հռոմեացիներն Անտարեսը համարում էին Կարիճի աչքը։
Իդեպ, 15 աստղերից կազմված այս համաստեղությունը պարզ տեսանելի է հուլիս ամսին` երեկոյան իննից հետո։


Հեղինակ` Նարե Չալյան

Комментарии