Կարմիր անապատների տիրակալը





Գիտե՞ք որ Մարսն Արեգակնային համակարգի՝ Արեգակից հեռավորությամբ չորրորդ մոլորակն է: Այն իր անունն ստացել է հին հռոմեացիների պատերազմի աստված Մարսի անունից: Վեներայից հետո Մարսը Երկրին ամենամոտ մոլորակն է: Աստղագետները Մարսն անվանում են «կարմիր մոլորակ», որովհետև նրա ապարներում և մակերևույթի բնահողում պարունակվող երկաթի օքսիդի (ժանգ) պատճառով այն կարմրանարնջագույն երանգ ունի:
Մարսը նման է Երկրին, սակայն չափերով` մոտ 2, իսկ զանգվածով մոտ 10 անգամ փոքր է նրանից: Մարսն ունի կարծր կեղև, հանքապարներից կազմված միջնապատյան (մանթիա) և մետաղական միջուկ: Հետաքրքիր է չէ՞:


Մարսի մթնոլորտն զգալիորեն նոսր է երկրայինից, իսկ մթնոլորտային ճնշումը կազմում է երկրայինի 1/100-ը: Այս մոլորակի մթնոլորտը կազմված է հիմնականում ածխաթթվական գազից և խոնավություն չի պարունակում: Մարսի վրա չկան օվկիանոսներ, լճեր կամ գետեր: Բևեռամերձ ցուրտ շրջանը ծածկված է սպիտակ բևեռային գլխարկներով, որոնց չափերը տարվա ընթացքում փոփոխվում են. ձմռանը մեծանում են, ամռանը՝ փոքրանում, երբեմն էլ անհետանում: Դրանք կազմված են չոր սառույցից՝ սառած ածխաթթվական գազից (CO2), որի տակ տարածվում է նաև ջրի սառույցի շերտ:
Մարսի մակերևույթին կան հսկայական ավազապատ անապատներ, լեռներ, խառնարաններ ու հրաբուխներ: Ամենաբարձր՝ Օլիմպոս հրաբուխն ունի 30 կմ բարձրություն, իսկ Մարիներ կոչված հովիտը մոտ 4000 կմ երկարությամբ և տեղ-տեղ մինչև 7 կմ խորությամբ վիթխարի նեղ կիրճ (խզվածք) է: Մարսի մակերևույթի վրա կան նաև ոչ մեծ այնպիսի «ջրանցքներ», որոնցով ասես գետեր են հոսել: Այս ամենը վկայում է, որ Մարսի վրա մի ժամանակ եղել են գետեր, ծովեր: Մոլորակի վրա հաճախ փչում են ուժեղ քամիներ, որոնք մթնոլորտ են բարձրացնում ավազափոշու ամպեր և դժվարացնում Մարսի մակերևույթի զննումը:



Մարսն ունի 2 բնական արբանյակներ՝ Ֆոբոս (Ահ) և Դեյմոս (Սարսափ): Դրանք, համապատասխանաբար, մոտ 30 կմ լայնական չափով տձև և 13 կմ տրամագծով քարաբեկորներ են, որոնց վրա կան խառնարաններ: Ենթադրում են, որ Ֆոբոսն ու Դեյմոսը Մարսի ձգողությամբ գրավված աստղակերպներ են:


Նշան Սարգսյան

Комментарии