![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiTuoBqAlvEas8yoE_IV0hMnHc_s5Re_tUWw1-gQVq9g4oaboJGxE75nmy0TEM1zgP4QNOxN36GmvKGpGlvcNVokBRHgHnzs-uhKnbwZLjVO3b3kNbwyPxskHFHofaTfYjS8cVWtzU1P_o/s640/Screen+Shot+2019-03-01+at+7.15.01+PM.png)
Դուք գիտեի՞ք, որ Յուպիտերն Արեգակնային համակարգի ամենամեծ և զանգվածեղ մոլորակն է, Արեգակից հեռավորությամբ` հինգերորդը: Այս մոլորակն իր անվանումը ստացել է հին հռոմեական դիցաբանության երկնքի աստված Յուպիտերի անունից:
Յուպիտերը հիմնականում ջրածնից կազմված գազի (նաև հեղուկ) վիթխարի գունդ է: Նրա 1000 կմ-ից ավելի հաստությամբ մթնոլորտը կազմված է հիմնականում գազային ջրածնից (որոշ քանակությամբ հելիումի խառնուրդով), ինչպես նաև սառցաբյուրեղներից, ամոնիակից ու նրա միացություններից կազմված ամպերից: Մթնոլորտի ստորին շերտերում բարձր ճնշման ազդեցությամբ ջրածինը գտնվում է հեղուկ վիճակում, իսկ ավելի խորքերում` գերբարձր ճնշման տակ՝ հավանաբար մետաղական վիճակում:
Այս մոլորակի մակերևույթի ամենաուշագրավ երևույթը Կարմիր մեծ բիծ կոչված ձվաձև տիրույթն է, որ երևում է արդեն 300 տարի: Մինչև տիեզերական սարքերի Յուպիտեր հասնելն աստղագետները չէին կարողանում հասկանալ այդ երևույթի պատճառը: Այժմ արդեն հայտնի է, որ դա հսկայական պտտահողմ է Յուպիտերի մթնոլորտում, որի չափերը 3 անգամ գերազանցում են Երկրի տրամագիծը:
Յուպիտերն ունի քարաբեկորներից ու սառույցից կազմված օղակներ, որոնք նրա շուրջը պտտվում են 7 ժամում:
Յուպիտերն ունի 63 արբանյակ, որոնցից 4 ամենամեծերը երևում են նաև սովորական հեռադիտակով: Այդ 4 արբանյակները դեռևս 1610 թ-ին հայտնագործել է Գալիլեո Գալիլեյը, այդ պատճառով դրանք կոչվում են նաև գալիլեյյան արբանյակներ: Ըստ Յուպիտերից ունեցած հեռավորության՝ գալիլեյյան արբանյակներն են Իոն, Եվրոպան, Գանիմեդը և Կալիստոն: Գանիմեդը Յուպիտերի և ամբողջ Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակն է: Նրա տրամագիծը 5262կմ է, այսինքն՝ այն փոքր-ինչ ավելի մեծ է նույնիսկ Մերկուրի մոլորակից: Իսկ Յուպիտերի ամենափոքր արբանյակի՝ Լեդայի տրամագիծն ընդամենը 15 կմ է:
1973 թ-ին ամերիկյան «Պիոներ-10» տիեզերական սարքն առաջին անգամ մոտ տարածությունից լուսանկարել է Յուպիտերի բազմագույն մթնոլորտը: Հաջորդ տարի այդ մոլորակի մոտով անցել է դեպի Սատուռն ուղևորվող «Պիոներ-11»-ը և նոր տվյալներ հաղորդել Երկիր: 1979 թ-ին «Վոյաջեր-1» և «Վոյաջեր-2» տիեզերական սարքերը Երկիր հաղորդեցին հետաքրքրական լուսանկարներ և տվյալներ: 1995–2003 թթ-ին շուրջյուպիտերյան ուղեծրում է աշխատել «Գալիլեյ» տիեզերական զոնդը՝ նախապես այդ մոլորակի մթնոլորտ ուղարկելով իջեցվող մոդուլ (անջատվող մաս):
Նշան Սարգսյան
Նշան Սարգսյան
Комментарии
Отправить комментарий